Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 4.2009

Աղիքային սուր վարակների սեզոնայնությունը Գյումրիում

Սկիզբը` 2009, N3-ում

Մեր հոդվածի առաջին մասում («Առողջապահություն», 2009, N2, 20-22 էջ) նշեցինք, որ Գյումրիում աղիքային վարակների (ԱՎՇ) սեզոնային օրինաչափությունը բացահայտելու նպատակով կատարել ենք 30-ամյա հետահայաց և ընթացիկ համաճարակաբանական հետազոտություն (1977-2006թթ.), անդրադարձանք տիֆ-պարատիֆերին, սալմոնելոզներին, ԳԷԿ-երին և ՎՀԱ-ին: Այժմ խոսենք շիգելոզների մասին:

 

Շիգելոզներով միջին ամսական հիվանդացությունը հունվարից հունիս ամիսներին կազմել է տարեկան հիվանդացության 4.0, հուլիսից դեկտեմբեր` 12.6%: Սեզոնային հիվանդացության միջին ամսական մակարդակը գերազանցում է նախասեզոնային միջին ամսական մակարդակին 3 [1, 2], իսկ միջին տարեկան չափաբաժնին` 1,5 անգամ: Ամենացածր հիվանդացություն դիտվում է հունվարին, երբ արձանագրվում է տարեկան հիվանդացության 2,8%-ը, որից հետո այն աստիճանաբար  բարձրանում է` ամռանը հասնելով 27,7%-ի: Աշնանը հիվանդացությունը հասնում է 45,6%-ի` երեսնամյա ընթացաշարժում տատանվելով 35,7-57,4, առավելագույնը սեպտեմբերին` 22,3%: Ձմռանը և գարնանը հիվանդացությունը կազմում է 15,1 և 11,6%: Բոլոր ժամանակաշրջանների համար նվազագույն հիվանդացություն գրանցվել է հունվար, մարտ, մայիս ամիսներին: Սեզոնային (ամառ-աշուն) հիվանդացությունը կազմել է տարեկան դեպքերի 73,3%-ը` ընդգրկելով հուլիսից դեկտեմբեր ամիսները: Սեզոնից դուրս բարձր հիվանդացություն արձանագրվել է փետրվարին և ապրիլին: Այս երկու ամիսները միասին կազմում են տարեկան դեպքերի 10,3%-ը: Սեզոնային հիվանդացությունն ամռան և աշնան միջև բաշխվում է անհամաչափ` համապատասխանաբար, 27,7 և 45,6%` ամռան համեմատ աշնանը բարձրանալով 1,6 անգամ: 1977-88թթ. ժամանակահատվածում ամռանը հիվանդացման դեպքերը կազմել են 32,1, աշնանը` 35,7, իսկ ձմռանն ու գարնանը` 19,3 և 12,9%: Երկրաշարժի և հետերկրաշարժյան ժամանակաշրջաններում սեզոնային հիվանդացության մակարդակը կազմել է` համապատասխանաբար, 79,6 և 74,9%, բարձրանալով աշնանային ամիսների հաշվին: Ավելացել է ձմեռային հիվանդացությունը, որն ամենաբարձրը եղել է նախաերկրաշարժյան ժամանակաշրջանում`  19,3%: Մինչև երկրաշարժն առավելագույն հիվանդացություն գրանցվել է սեպտեմբերին, նվազագույնը` մայիսին, երկրաշարժի տարիներին առավելագույնը` սեպտեմբերին, նվազագույնը` հունվարին` պայմանավորված այդ տարիներին վարակիչ հիվանդությունների հաշվառման հետ կապված թերացումներով: Երկրաշարժից հետո հոկտեմբերին դեպքերի տեսակարար կշիռը մեծացել է 2 անգամ` 10,2%-ից հասնելով 20,6-ի: Նվազագույն դեպքեր գրանցվել են հունվարին, առավելագույնը` սեպտեմբերին: 

 

Շիգելոզներով հիվանդացությունը բարձր է եղել նաև սեզոնից դուրս` տատանվելով 20,4-33%-ի սահմաններում, միջինը 26,7%: Շիգելոզների ամռան-աշնանային սեզոնայնությունը հիմնականում պայմանավորված է ջրային գործոնի ակտիվությամբ և S.flexneri շճատիպի գերակայությամբ [3, 4]:

 

Գաստրոէնտերոկոլիտներով` ԳԷԿ հիվանդացության շարժընթացը մի փոքր այլ է: Այս խումբն իրենից ներկայացնում է տարբեր ծագումնաբանական, այդ թվում` վիրուսային ծագման ԱՎ-ների գումար: Տարվա առաջին կեսին ԳԷԿ-ով միջին ամսական հիվանդացությունը կազմել է 5,0, իսկ երկրորդ կեսին` 11,6%: Բացի այդ, ամենաբարձր հիվանդացություն դիտվել է հուլիս-հոկտեմբեր ամիսներին. արձանագրվել են տարեկան դեպքերի 58,4%-ը: ԳԷԿ-ով հիվանդացությունը տարբեր ժամանակահատվածներում գրեթե միանման է: Հիմնական սեզոնայնությունը ամառ-աշնանային է: Ամռանը արձանագրվել է տարեկան դեպքերի 34,5, աշնանը` 37,4%-ը: Ձմռան-գարնան ամիսներին հիվանդացությունը պահպանվել է 12,4-15,7%-ի մակարդակի վրա: Սեզոնային հիվանդացությունն ապրիլից նոյեմբեր կազմում է տարեկան դեպքերի 82,9%-ը: Միջին ամսական հիվանդացությունը սեզոնի ընթացքում 10,3% է: Առավելագույն դեպքեր գրանցվել են սեպտեմբերին` 19.2%, նվազագույնը հունվարին` 3,8%:

 

Դիտարկվող ժամանակաշրջանում ԳԷԿ-երով հիվանդացության սեզոնային շարժընթացը էական փոփոխությունների չի ենթարկվել: Նախաերկրաշարժյան ժամանակաշրջանում սեզոնային հիվանդացությունը կազմել է 69,9%, որից ամռանը` 35,0, աշնանը` 34,9%: Երկրաշարժի ժամանակաշրջանում սեզոնային հիվանդացությունը հասել է 77,7%-ի ամռան-աշնան ամիսների հաշվին, ամռանը կազմելով 34,2, ձմռանը` 43,5%: Վերականգնման տարիներին հիվանդացության բաշխումը նման է եղել նախաերկրաշարժյանին: Մինչև երկրաշարժն առավելագույն հիվանդացություն գրանցվել է օգոստոսին, երկրաշարժի և վերականգնման տարիներին` սեպտեմբերին: Նվազագույն հիվանդացության ամիսներ են համարվել, ըստ մեր կողմից առանձնացված ժամանակաշրջանների` հունվար, փետրվար և դեկտեմբեր ամիսները:

 

Տարվա առաջին կեսում ՎՀԱ-ով միջին ամսական հիվանդացությունը կազմել է 7,5, երկրորդում` 9,1%: Ելնելով այս օրինաչափությունից, ինչը բնորոշ է ԱՎ-ների բոլոր նոզոլոգիական ձևերին, կարելի է եզրակացնել, որ այս խմբում հիմնականում մտնում են ՎՀԱ-ի լաբորատոր հետազոտությամբ հաստատված և HBsAg բացասական արդյունքով այն դեպքերը, որոնք ունեն կլինիկական ու համաճարակաբանական հիմնավոր հաստատումներ: Ամբողջ տարվա ընթացքում ամենաբարձր հիվանդացություն արձանագրվել է հոկտեմբերից հունվար ամիսներին` կազմելով տարեկան դեպքերի 47,2%-ը: Ըստ առանձին ժամանակահատվածների` ամառ-աշուն սեզոնային հիվանդացությունը վիրուսային հեպատիտների համար կազմել է տարեկան հիվանդացության` համապատասխանաբար, 65,9, 68.4, 60,4%-ը: Նախաերկրաշարժյան ժամանակաշրջանում առավելագույն հիվանդացություն գրանցվել է հոկտեմբերին` 13,4%, նվազագույնը հունիսին` 4.1%: Երկրաշարժի ժամանակ առավելագույն հիվանդացության ամիս է եղել հոկտեմբերը` 15,9%, նվազագույնը` մայիսը` 3,8%: Վերականգնման տարիներին հիվանդացման ակտիվ աճ է գրանցվել հունվարին` 14,4%, նվազագույնը` հուլիսին` 3,5%: Գյումրիի համար ՎՀԱ-ով հիվանդացման առավելագույն մակարդակը երեսնամյա շարժընթացում հոկտեմբերից շեղվել է հունվար, նվազագույնը` մայիսից հուլիս, ինչը պայմանավորված է բնակլիմայական ազդակով և աշնան-ձմռան ամիսներին կազմակերպված կոլեկտիվներում երեխաների սերտ շփմամբ: Այդ մասին է վկայում ՎՀԱ-ով հիվանդացության մեջ դպրոցական տարիքի երեխաների մեծ մասնաբաժինը, 7-14 տարեկան երեխաների` ՎՀԱ-ով հիվանդացությունը կազմել է 71,8%: Վերականգնման տարիներին, համեմատած նախորդ երկու ժամանակաշրջանների հետ, վիրուսային հեպատիտների սեզոնայնությունը աշուն-ձմեռ սեզոնային ամիսներից փոխվել է ձմեռ-գարուն սեզոնայնության` ձմռանը կազմելով տարեկան դեպքերի 35,6, գարնանը` 25,4%-ը, իսկ ամռանն ու աշնանը` համապատասխանաբար, 14.2 և 24,8%: Դիտարկվող ժամանակաշրջանում այս վարակը մշտապես գտնվել է ջրային ակտիվ գործոնի ազդեցության տակ:

 

Այսպիսով, ԱՎ-ներով հիվանդացության բազմամյա ընթացաշարժի ուսումնասիրությամբ պարզվեց, որ ընդհանուր աղիքային վարակներով հիվանդացման մասնաբաժինը տարեկան ընդհանուր հիվանդացության մեջ օրինաչափորեն տատանվում է, տալով տարեկան երկու վերելք` փետրվար-մարտ և օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Այս վերելքները տարբեր նոզոլոգիական ձևերի համար տարբեր են` կապված հարուցչի տվյալ տեսակի կենսաբանական, բնակլիմայական, սոցիալ-տնտեսական առանձնահատկությունների հետ: Գյումրիում աղիքային վարակներով սեզոնային հիվանդացության միջին մակարդակը երկու անգամ գերազանցում է արտասեզոնային հիվանդացության միջին մակարդակին: Ընդհանուր ԱՎ-ներով հիվանդացությունը բարձր է օգոստոսից հոկտեմբեր ամիսներին: Որովայնային տիֆով սեզոնային հիվանդացությունը հուլիսից նոյեմբեր կազմում է 56,6, այլ սալմոնելոզային վարակներինը` մարտից հոկտեմբեր` 65,3, շիգելոզներինը` հուլիսից սեպտեմբեր` 73,3, ԳԷԿ-ինը` հոկտեմբերից հունվար` 47,2%: Բարձր է արտասեզոնային հիվանդացությունը:

 

Սեզոնային հիվանդացության օրինաչափությունների և ԱՎ-ներով հիվանդացության պարբերական բարձրացման առանձնահատկությունների բացահայտման շնորհիվ հակահամաճարակային միջոցառումները դառնում են նպատակաուղղված և արդյունավետ, քանի որ հետևելով նախասեզոնային հիվանդացության շարժընթացին (հաշվի առնելով, որ նախասեզոնային հիվանդացման դեպքերը սեզոնի համար համարվում են վարակի աղբյուր), հնարավոր է նվազագույնի հասցնել սեզոնային բարձր հիվանդացության առաջացման ռիսկը, հետևաբար նաև բռնկումների առաջացման վտանգն` իր բոլոր հետևանքներով [1, 2]:

 

Գրականության ցանկ


  1. Исаева М.С. Ришунин Ю.П., Мухина Л.П., Копытов В.И. и др. Динамика изменений сезонной и круглогодичной заболеваемости дизентерией в ряде городов Европейской части РСФСР. // ?МЭИ, N11, 1986, С. 30-34. 
  2. Околов И.Н., Чайка Н.А. Некоторые данные о сезонности дизентерии. // ЖМЭИ, N8, 1984, С. 36-38. 
  3. Облапенко Г.П. Сезонность острых кишечных инфекций на северо-западе РСФСР. // ЖМЭИ, N7, 1983, 12-16.
  4. Стриковская И.Х., Макаревич И.К., Дьякова А.А. и соавт. Связь сезонности дизентерии с природными и санитарно-гигиеническими факторами. // ЖМЭИ, N10, 1986, С. 21-24.

 

Հեղինակ. Արմինե Անդրյան ՀՀ ԱՆ ՊՀՀ տեսչության «Շիրակի մարզային փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ